20/05/2019 21:22
Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ
ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Aysor.am-ին ներկայացրել է Մարտի 1-ի գործով 4 մեղադրյալների վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման հիմքերը:
Պարզվում է՝ դատավորը դիմելով Սահմանադրական դատարան, փորձել է պարզել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (այս հոդվածով է 4 նախկին պաշտոնյաներին առաջադրված մեղադրանքը) սահմանադրականության հարցը: Բացի այդ, դատավոր Դավիթ Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը գործել է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության երաշխիքից:
Դատարանը փաստել է, որ գործը դատական քննության նախապատրաստելուն ընդառաջ համապատասխան որոշում կայացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ Քրեական ՀԻՆ օրենսգիրք) և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի՝ (ՀՀ քրեական ՆՈՐ օրենսգիրք) ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ:
Դատարանը սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է նաև գործողությունը դադարեցված և մինչ 2009թ. մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործով խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցի պարզում: Դատարանի մոտ հիմնավոր կասկածներ կան առ այն, որ գործով 4 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման մարմինների կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը ենթադրաբար հակասում են ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին:
Դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի կիրառման խնդիրն առկա է դատական քննության հատկապես տվյալ փուլում, ուստի դրանց սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան է դիմում՝ օգտվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումից:
Տվյալ դեպքում թեև Հին և Նոր օրենքները նախատեսում են միևնույն պատժատեսակը և պատժաչափը, սակայն դրանցում էականորեն տարբերվում են այդ հոդվածների դիսպոզիցիաները, որոնցից ըստ մեղադրող կողմի վարկածի, Նոր օրենքի դիսպոզիցիայի ծավալն ավելի նեղ է, քան Հին օրենքինը՝ այն տրամաբանությամբ, որ Նոր օրենքը որպես քրեորեն պատժելի արարք՝ սահմանադրական կարգի տապալում է սահմանել Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածների և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ նորմի խախտումը, որը հանգեցրել է որոշակի հետևանքի: Մինչդեռ Հին օրենքի դիսպոզիցիայի համաձայն՝ պատասխանատվություն էր սահմանվել սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունների համար:
Խոսքը, մասնավորապես, նրա մասին է, որ Հին օրենքը հանցակազմի օբյեկտիվ կողմից պարտադիր տարր էր համարում վերը նշված արարքը բռնությամբ կատարելը (տապալելը), առանց այդ հատկանիշի կարող էր խոսք գնալ քրեական օրենքով չթույլատրված այլ արարքների, բայց ոչ պետական իշխանությունը յուրացնելու մասին: Ընդ որում, պետական իշխանության յուրացման կազմում ընդգրկված, առանց բացառության բռնությամբ ուղեկցված մյուս բոլոր հանցակազմերը նույն՝ ՀՕ-53-Ն օրենքով խմբագրվել և պահպանել են իրենց տեղը ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում, իսկ մեկ հանցակազմ, որի օբյեկտիվ կողմը դարձյալ պարունակում է բռնության հատկանիշ, իր արտացոլումն է գտել ՀՀ քրեական օրենսգրքի 300.2 հոդվածում:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի դիրքորոշմանը, ապա լիովին կիսում եմ այն, որ պարտադիր չէ, որպեսզի նախագահը գործի հստակ իր լիազորությունների շրջանակներում և դրանցից դուրս չգա, կարևորն այն է, որ վերջինի կատարած այդպիսի արարքը բխի իր՝ որպես նախագահի կարգավիճակից և պայմանավորված լինի նախագահին վերապահված լիազորությունների իրականացմամբ:
Վերոհիշյալ դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի նկատմամբ՝ գտնում եմ, որ Ռ. Քոչարյանին մեղսագրված արարքի նկարագրությունից ակնհայտորեն հետևում է, որ նրան վերագրված արարքները վերաբերում են որպես Նախագահ իր կարգավիճակին, այլ ոչ որպես մասնավոր անձ կատարած գործողություններին։ Հետևաբար, այս դեպքում Ռ. Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնմխելության երաշխիքից»,- ասել է Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և Պաշտըպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: