20/05/2019 00:11
Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից՝ պահպանել Սահմանադրությունն ու օրենքները. Նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։
Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները։
Այս պահին աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ անընդհատ կապի մեջ եմ համապատասխան պետական մարմինների հետ:
Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին:
Աստված պահապան բոլորիս»:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀՀ բոլոր դատարանները քաղաքացիական ակցիայի միջոցով փակելու մասին։