20/05/2019 10:40
«Հայաստանը օկուպացիայի տակ է». Ակցիա Եվրամիության գրասենյակի դիմաց (Տեսանյութ, լուսանկարներ)
Եվրոպական միության գրասենյակի առաջ «Ադեկվադ» խմբի անդամները պաստառներ փակցրեցին։
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, մեծ մասամբ հովանավորվել է հենց այս կառույցի կողմից, ընդ որում՝ ոչ միայն ֆինանսապես, այլ նաև՝ բարոյապես, քաղաքականապես, կադրային առումով։ Հայաստանում սահմանադրական կարգի տապալման պրոցեսը ակնհայտորեն Եվրամիության օրակարգի մեջ էր», - ասաց «Ադեկվադ» խմբի անդամ Արթուր Դանիելյանը։
Նա նշեց, որ իրենք դեռ մեկ տարի էին ասում, որ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, սահմանադրական կարգի տապալում է, և երեկվա վարչապետի կոչից հետո շատ քաղաքացիներ սկսել են ասել, որ նա սահմանադրական կարգի տապալման կոչ է անում։
«Իրերն իրենց անունով պետք է կոչել, սահմանադրական կարգը Հայաստանում տապալվել է առնվազն մեկ տարի առաջ, երբ իշխանության զավթման պրոցեսը սկսեց», - ասաց Արթուր Դանիելյանը։
Ակցիայի մասնակիցները պաստառներ են պահել. «Այժմ երջանի՞կ եք», «Հետ տարեք ձեր խամաճիկներին», «Հայկաստանը օկուպացիայի տակ է» գրություններով: