20/05/2019 00:22
Մեռնեմ օրենքի տառին, մինչև դատարանի որոշումը չլինի, չեն մոտենալու մեքենային. Վիտալի Բալասանյան
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն այս պահին շարունակում է մնալ Երևանի Ավան վարչական շրջանում։
Ոստիկաններն, ավտոմատներով զինված, կանգնեցրել են վերջինիս մեքենան`, պահանջելով զննություն իրականացնել, քանի որ օպերատիվ տվյալներ ունեն, թե մեքենայում ապօրինի զենք կա։
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Վիտալի Բալասանյանն ասաց, որ ընկերոջ հետ է երթևեկելիս եղել, մեքենան իրենը չէ։
«Երեկ՝ օրվա երկրորդ կեսից եմ Երևանում, եկել էի մասնակցելու ընկերոջս հոր 90-ամյակին», - ասաց Վիտալի Բալասանյանը։
Նա նշեց, որ այս ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի հանդիպել, չի զանգահարել, որևէ կապ չի ունեցել նրա հետ։
Նշենք, որ Բալասանյանը թույլ չի տալիս զննել իր մեքենան՝ ասելով, որ չկա համապատասխան փաստաթուղթ։
«Մեռնեմ օրենքի տառին, թող դատարանի թուղթը բերեն, թույլ տամ զննություն իրականացնեն», - ասաց Վիտալի Բալասանյանը։
Նշենք նաև, որ ոստիկաններն իրենց հետ նշված տարածք են բերել նաև ընթերականեր, որպեսզի Բալասանյանը թույլ տա զննություն իրականացնեն։
«Մինչև դատարանի որոշումը չլինի, չեն մոտենալու մեքենային», - ասաց Բալասանյանը։