20/05/2019 00:45
Ավտոմեքենայի զննության գործընթացը որևէ առնչություն չի ունեցել Վիտալի Բալասանյանի հետ. Ոստիկանություն
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել է, որ խուզարկության գործընթացը որևէ առնչություն չի ունեցել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյան դեռ շարունակում է մնալ Երևանի Ավան վարչական շրջանում։
Լրագրողների հետ զրույցում Վիտալի Բալասանյանն ասաց, որ ընկերոջ հետ է երթևեկելիս եղել, մեքենան իրենը չէ։
«Երեկ՝ օրվա երկրորդ կեսից եմ Երևանում, եկել էի մասնակցելու ընկերոջս հոր 90-ամյակին», - ասաց Վիտալի Բալասանյանը։
Նա նշեց, որ այս ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի հանդիպել, չի զանգահարել, որևէ կապ չի ունեցել նրա հետ։
Նշենք, որ Բալասանյանը թույլ չի տալիս զննել իր մեքենան՝ ասելով, որ չկա համապատասխան փաստաթուղթ։
«Մեռնեմ օրենքի տառին, թող դատարանի թուղթը բերեն, թույլ տամ զննություն իրականացնեն», - ասաց Վիտալի Բալասանյանը։
Նշենք նաև, որ ոստիկաններն իրենց հետ նշված տարածք են բերել նաև ընթերականեր, որպեսզի Բալասանյանը թույլ տա զննություն իրականացնեն։
«Մինչև դատարանի որոշումը չլինի, չեն մոտենալու մեքենային», - ասաց Բալասանյանը։