20/05/2019 18:38
Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է ու ուղարկվել է Սահմանադրական դատարան։
Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։
Նշենք, որ Քոչարյանի պաշտպանական խումբը Քոչարյանի խափանման միջոցի քննարկումների ժամանակ բազմաթիվ անգամ միջնորդություններ էր ներկայացրել, որպեսզի դատարանները դիմեն Սահմանադրական դատարան՝ պարզելու ՀՀ Քրեական օրենսգքրի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը:
Սակայն այդ միջնորդություններին դատախազական խումբն առարկել էր, իսկ դատավորները մերժել էին դրանք։
ՀՀ 2-րդ նախագահին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելը:
«Մեզ համար այս հոդվածը որոշակի չէ։ Նայեք, սկզբում եղել է 300 հոդված, հետո՝ 2009թ.-ին փոխվել է ու դարձել 300.1 հոդված։ Մենք գտնում ենք, որ թե՛ նախկին հոդվածը, թե՛ 300.1 հոդվածն այսօր չունեն, չեն բավարարում իրավական որոշակիության սկզբունքին։ 300 հոդվածի փոփոխության հիմքերում դրված է այն հանգամանքը, որ այն չի համապատասխանում իրավական որոշակիությանը», - Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննարկումներից մեկի ժամանակ լրագրողներին ասել էր Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։
Եթե այդ հոդվածները հակասահմանադրական ճանաչվեն, ապա, ըստ փաստաբանի, դա հիմք է լինելու, որ սահմանադրական կարգի տապալման մասով գործն ավարտվի։