21/05/2019 12:55
Ադրբեջանի դասախոսությունների կարիքը չունենք. ԱԳՆ խոսնակ
Այն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելու է 2020 թվականի հունվարի 1-ին, և նա լինելու է Բելառուսի թեկնածուն, կարող ենք միայն ենթադրել, բայց ոչ՝ պնդել, քանի որ չկա համապատասխան որոշում, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Որոշումը կայացվում է միայն կառույցի անդամ երկրների կողմից՝ կոնսենսուսի հիման վրա։ Հաջորդ ռոտացիոն կարգը սկսվում է 2020 թվականի հունվարի 1-ից։ Ըստ այբբենական կարգի՝ հաջորդը Բելառուսն է, սակայն թե ինչ զարգացումներ կլինեն, քննարկվելու է բիշքեքյան համաժողովի ժամանակ», - ասաց բանախոսը։
Լրագրողներից մեկի խնդրանքով Աննա Նաղդալյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարութթյանը, որ ժամանակն աշխատում է ընդդեմ «ագրեսոր» Հայաստանի։
«Մենք նման բանավեճի մեջ ներգրավելու անհրաժեշտություն չունենք։ Խաղաղությունն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին։ Հայաստանն այսօր աշխարհին ներկայանում է որպես ժողովրդավարական երկիր՝ անգամ չլուծված հակամարտության պարագայում։ Արցախի և Հայաստանի անվտանգությունն ապահովված է գործով, և մենք նման դասախոսությունների կարիք՝ ինչն ում է ձեռնտու, չունենք։ Հակամարտության կարգավորումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար», - եզրափակեց Աննա Նաղդալյանը։