21/05/2019 11:27
ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները մայիսի վերջին տարածաշրջանային այց կկատարեն. ԱԳՆ խոսնակ
ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն օրեր առաջ Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին և բարձր մակարդակով համաժողովին, ինչպես նաև Հելսինկիում մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի նիստին, որը նվիրված էր ԵԽ 70-ամյակին։ Կոմիտեում ունեցած իր ելույթում ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները հինգ դրույթներում, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Նա ընդգծել է, որ հակամարտության գոտիներում դպրոցների և հիվանդանոցների կառուցումը, երեխաներ ունենալը միջազգային հանրային իրավունքի խախտում չէ», - ասաց ԱԳՆ խոսնակը։
Բանախոսը տեղեկացրեց, որ բառացիորեն ժամեր անց արտգործնախարարը մեկնելու է Բիշքեք՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցեր, այդ թվում՝ այնպիսի հարցեր, որոնք առնչվելու են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանը և վերջինիս լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերին, որոնք ուղղված են իրավական բացի լրացմանը։
ԱԳՆ խոսնակը միաժամանակ հավելեց, որ մայիսի 25-26-ին տեղի է ունենալու Չինաստանի արտգործնախարար Վան Ինի այցը Հայաստան, որի ընթացքում նախատեսված է երկու միջազգային պայմանագրի և մեկ՝ միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթղթի ստորագրում։
Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ մայիսի վերջին տարածաշրջանային այց են կատարելու ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահները։
«Ինչպես գիտեք, համանախագահների կողմից առաջարկ է եղել կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Երբ Բրյուսելում ԱԳ նախարան անդրադարձել էր առաջիկա հանդիպմանը, նա ի նկատի է ունեցել հենց այս հանդիպումը», - ընդգծեց Աննա Նաղդալյանը։
Վերջում նա տեղեկացրեց, որ հունիս ամսվա ընթացքում Բրյուսելում տեղի է ունենալու Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵՄ բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։