21/05/2019 11:01
Հունիսի 4-ին ՀՀ արտգործնախարարը կայցելի Նիկոսիա. ԱԳՆ խոսնակ
ՀՀ արտգործնախարարն օրեր առաջ հրապարակված իր հոդվածներից մեկում նշել է, որ հրադադարի հաստատման շուրջ համաձայնագրի կնքումը ցույց տվեց՝ կառուցողական բանակցային գործընթացում կողմերի ներգրավումը հնարավորություն է տալիս հասնելու շոշափելի արդյուքների, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումներին՝ բանախոսը հիշեցրեց, որ մայիսի 7-ին կայացել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստը։
«Նոր օրակարգով այս երկխոսությունը եկել է փոխարինելու հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժաողովի նախորդ ձևաչափը։ Հանդիպման ընթացքում ստորագրվել են համապատասխան համաձայնագրեր։ Մայիսի 2-ին Երևանում կայացել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիրկ նիսը, որը ևս ավարտվելէ համապատասխան փաստաթղթերի ստորագրմամբ։
Մայիսի 8-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ խորհրդակցություններ, և արդեն հունիսի 4-ին տեղի է ունենալու ՀՀ արտգործնախարարի այցը Նիկոսիա՝ մասնակցելու նույն ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը», - տեղեկացրեց Աննա Նաղդալյանը։
Նա միաժամանակ նշեց, որ մտադրություն կա հունիսի 27-28-ին Երևանում անցկացնել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, իսկ արդեն հունիսի 28-ին Դիլիջանում կանցկացվի հայ և վրացի գործարարների համաժողովը։