21/05/2019 14:27
ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել Փաշինյանին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես ճնշում դատական համակարգի վրա
«Քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել իբրև դատական իշխանության նկատմամբ ճնշումներ», - հայտարարում են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրելը (Սլովենիա)։ Ըստ ԵԽԽՎ կայքում տեղադրված հաղորդագրության` այս հայտարարությունը հետևել է դատարանների մուտքերը արգելափակելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքացիներին ուղղված կոչին այն բանից հետո, երբ դատարանը կալանքից ազատ է արձակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Առանց այդ որոշման հիմքերի վերաբերյալ որևէ գնահատականի, մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայմանն է, և հետևաբար օրենքի գերակայությունը լավագույնս պահպանվում է քաղաքական գործիչների կողմից որևէ միջամտության բացակայությամբ։ Կան հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսին է օրինակ ավելի բարձր դատական ատյաններին հայցադիմումների ներկայացումը, դատական ատյանի այն որոշումները վիճարկելու համար, որոնք կարող են հարցեր առաջացնել։ Օրենքի գերակայության պահպանումը պահանջում է հարգանք ընթացակարգերի նկատմամբ, որպեսզի պաշտպանվեն բոլոր քաղաքացիները` անկախ նրանց ով լինելուց», - կարդում ենք հայտարարության մեջ։
«Ինչևէ, մենք ընդունում ենք, որ հասարակության արձագանքը այդ դատական վճռի վերաբերյալ ընդգծում է դեռևս ցածր մակարդակում գտնվող հանրային վստահության մակարդակը դատական համակարգի նկատմամբ։ Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, եւ մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ցանկությունը` հեռուն գնացող բարեփոխումներ իրականացնելու առումով` հատկապես կառուպցիայի դեմ պայքարի հետ կապված, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հետ այդ հարցում գործակցելու առնչությամբ», - մասնավորապես ասել են համազեկուցողները։