21/05/2019 19:03
Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ ԱՄՆ կատարած այցն այս պահի դրությամբ անբովանդակ է. Քաղաքագետ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցն այս պահի դրությամբ անբովանդակ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Արդեն 5-6 օր է՝ նա ԱՄՆ-ում է, բայց չգիտենք՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնայների հետ հանդիպումներ ունեցե՞լ է, թե՞ ոչ։ Չգիտենք նույնիսկ՝ հանդիպումներ ունենալո՞ւ է, բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ընդունելության արժանանալո՞ւ է», - ասաց մեր զրուցակիցը։
Սուրեն Սարգսյանի խոսքով, ինքը վստահ է, որ ամերիկացի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների փորձեր արվել են։
«Եթե բարձրաստիճան որևէ պաշտոնյայի կողմից ընդունելության չես արժանանալու, գոնե քո պաշտոնակցի հետ հանդիպում չես ունենալու, անիմաստ է գնալ-հասնել Վաշինգտոն կամ ցանկացած այլ մայրաքաղաք։ Բայց, քանի որ Արմեն Գրիգորյանը դեռևս Լոս Անջելեսից վերադառնալու է Վաշինգտոն, կարծում եմ՝ մի քանի օր էլ պետք է սպասել՝ տեսնելու, թե ինչ հանդիպումներ են տեղի ունենում, հետո հստակ գնահատականներ տալ», - ասաց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնարկել է մայիսի 16-ին։ Այցի հինգ օրերի արդյունքում վերջինս մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ԱԽ քարտուղարը Սպիտակ Տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ։