21/05/2019 14:20
Վեթթինգը պետք էր անել մեկ տարի առաջ. Մանե Թանդիլյան
Արտառոց իրավիճակ է և կան բազմաթիվ հարցեր, որոնք Ազգային ժողովի տիրույթում կարող են քննարկվել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն՝ անդրադառնալով իրենց խմբակցության նախաձեռնությամբ մայիսի 22-ին հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստին։
Հիշեցնենք՝ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել ԱԺ արտահերթ նիստ գումարելու պահանջով։ Ստորագրահավաքին միացել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ, և նրանց հաջողվել էր ստանալ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ ստորագրությունների քանակը։ «Լուսավոր Հայաստանը» ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարց համարել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը և դատական համակարգում ստեղծված վիճակը։
«Ըստ էության, մենք իշխանությունների կողմից գործողություն չենք տեսել։ Հայտարարվում է անցումային արդարադատության մասին, վեթթինգի ինստիտուտի մասին նշվեց, բայց մենք որևէ քայլ այդ ուղղությամբ չենք տեսել։ Նույն վեթթինգը կարելի էր անել իշխանափոխության հենց հաջորդ օրը, մենք պետք է դա անեինք ու հետո սկսեին դատական պրոցեսները, որոնք հիմա ընթանում են երկրում», - հայտարարեց Թանդիլյանը։
Պատգամավորի խոսքով, միամտություն է կարծել, որ դատական համակարգն ինքն իրեն պետք է փոխվեր։
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը դատարանների դեմ Փաշինյանի կոչով իրականացված ակցիայի հետ կապված մտավախություններ ունի.
«Այն, ինչ իրականացվեց, կարող է օգտագործվել մեր պետության դեմ, օրինակ՝ Եվրոպական դատարաններում։ Եվ այդ մասին հայտարարեց նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ Ես չեմ ուզենա, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը հասնի Եվրոպական դատարան ու որոշում կայացնեն մեր դեմ։ Մենք դա էինք ասում, որ մի տվեք այդ հաղթաթուղթը Քոչարյանի պաշտպանական խմբին»։