22/05/2019 10:56
Ամուլսարի հանքի շահագործման նպատակով նշանակված փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. Նաիրա Հարությունյան
Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«ELARD ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ներկայացրել, հետևաբար խոսք անգամ չի կարող գնալ եզրակացության արդյունքների դրական կամ բացասական լինելու վերաբերյալ», - ասաց Նաիրա Հարությունյանը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ փորձաքննության եզրակացությունը կտրամադրվի նախապես հայտարարված ժամկետներում:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» օրաթերթն, այսօր հղում կատարելով իր աղբյուրներին, լուր է հրապարակել, թե Ամուլսարի հանքի հետագա շահագործման նպատակով նշանակված փորձաքննության նախնական եզրակացությունը ստացվել է: Թերթը նաև գրել է, որ էկոլոգիական փորձաքննության նախնական եզրակացությունն, ընդհանուր առմամբ, դրական է հանքը շահագործողի համար։
Բացի այդ, նախօրեին ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտարարել էր, որ եթադրում են, որ տարվա երկրորդ կեսից «Ամուլսարի» ծրագիրը կշարունակվի: