22/05/2019 12:13
Ամեն ինչ կորցնելու եք. Ցեմենտի ներկրման համար պետական տուրք սահմանող աղմկահարույց օրինագիծը հանձնաժողովը, վերջապես, հաստատեց
Ցեմենտի ներմուծման համար պետական տուրք սահմանելուն վերաբերող «Պետական տուրքի» մասին օրենքի նախագիծը խորհրդարանում շարունակում է բուռն քննարկումների թեմա լինել։
Հիշեցնենք՝ կառավարությունը առաջարկում էր ներկրվող ցեմենտի համար սահմանել 1 տոննայի դիմաց 22 հազար դրամ։ Սակայն օրինագիծը խորհրդարանում հանդիպեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների դիմադրությանը. նրանք պահանջեցին նվազեցնել պետական տուրքի շեմը, այն սահմանել ժամանակավոր՝ 1 տարի ժամկետով, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար պետական տուրք չսահմանել։ Օրինագծին դեմ էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, քանի որ ցեմենտ արտադրող «Արարատ ցեմենտ» գործարանը առնչություն ունի նույն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ։ Հիշեցնենք նաև՝ սա այն օրինագիծն էր, որի աղմկոտ քննարկումների ժամանակ առաջացավ շահերի բախում, քանի որ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները փորձում էին պաշտպանել իրենց առաջնորդի բիզնես շահերը։
Այժմ, երբ օրինագիծը երկրորդ ընթերցմամբ պետք է ներկայացվի խորհրդարանի քննարկմանը, կառավարությունը նոր առաջարկություններով է եկել։
Մասնավորապես, այսօր Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը ասաց, որ մի շարք շահագրգիռ քննարկումների, հաշվարկների արդյունքում եկել են եզրահանգման, որ պետական տուրքը պետք է նվազեցնել՝ սահմանելով 14 հազար դրամ։ Իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար պետական տուրք չի սահմանվի։ Բացի այդ, կատարվող փոփոխությունը կառավարությունն առաջարկում է, որ ուժի մեջ մտնի անմիջապես՝ ընդունելուց հետո և ոչ թե 6 ամիս անց։
«Առաջարկում ենք, որ այս օրինագիծը ընդունվի ու գործի մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը։ Հետագա որոշումները մենք կկառուցենք առաջիկայում դիտարկվող փոփոխությունների հիմքով։ Այսինքն՝ մենք կտեսնենք՝ ինչ է կատարվում հարևան շուկաներում, կտեսնենք՝ մեր շուկայում ինչպես են փոփոխությունները առաջ գնում։ Եթե տեսնենք, որ բոլորը սկսում են կլինկերից ցեմենտ արտադրել, կհասկանանք, որ մենք մի բան ճիշտ չենք հաշվել», - ասաց նախարարը։ Պաշտոնյան նաև ասաց, որ չեն բացառում տրամաբանական որևէ փոփոխություն նախագծում։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի կանխատեսումները ներկայացված հաշվարկի պայմաններում հոռետեսական էին. «Կտեսնենք, որ տեղական արտադրողները այս հաշվարկի դեպքում բարձրացնելու են գինը»։
Հոռետեսական էր նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։ Նրա խոսքով՝ վատթարացնող նորմը՝ այսինքն ներկրողների համար պետական տուրք սահմանելը ավելի շուտ կիրառության մեջ դնելը վատ նախադեպ է։ «Հաշվի առնելով այն, որ մենք մեզ թույլ ենք տալիս նման նորմ կիրառել, մնացած ներդրողներն էլ կգան ու Ազգային ժողովի միջոցով կփորձեն վատթարացնող նորմը ուժի մեջ դնել», - հավելեց Մանե Թանդիլյանը։
Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանը չհամաձայնեց «Իմ քայլից» Հայկ Սարգսյանը. «Տիկին Թանդիլյան, ես ուղիղ հակառակը կասեմ՝ ներդրողները սրանից ավելի կխրախուսվեն, որովհետև կտեսնեն՝ Ազգային ժողովը լսում է իրենց ու լուծում է իրենց խնդիրները։ Չէ՞ որ այդ գործարաններն էլ ներդրողներ են, իրենք էլ ներդրում են արել այդ գործարաններում, մենք պաշտպանում ենք նաև մեր ներդրողներին»։
«Պարոն Սարգսյան, թույլ տվեք ասել՝ հուսադրող է, որ իշխող մեծամասնությունը, այնուամենայնիվ, ձեր կարծիքը չի կիսում», - Սարգսյանին արձագանքեց Թանդիլյանը։
Ի դեպ, նախարարը համաձայնեց ընդդիմադիր պատգամավորի բարձրաձայնած խնդրին և ասաց, որ հարցը երկար ժամանակ քննարկվում է, հետևաբար իրազեկվածության խնդիր չի առաջանա գործարարների մոտ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արտյոմ Ծառուկյանը տարօրինակ համարեց պետական տուրքը 40 տոկոսով նվազեցնելը և հայտարարեց, որ օրենքի ընդունման պատասխանատվությունը կրում է կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը։
Նույն խմբակցությունից Արթուր Դալլաքյանը նշեց, որ անհասկանալի երևույթ է տեղական արտադրողի հետ նման կերպ վարվելը. «Գալու է ժամանակ, որ ներքին արտադրողը էլ չի աշխատի, դադարեցնելու է գործը։ Ունենք երկու խոշոր արտադրող, որոնց ասում ենք՝ փակվեք հըլը, շուտ։ Սա մոտեցում չի։ Ամեն ինչ կորցնելու եք։ Էսօրվա էս քայլը բերելու է մեր գործարանների փակման կամ էլ աշխատելու ձևը փոխելու են»։
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներն առաջարկում էին պետական տուրք սահամնել նաև կլինկերի վրա։
Նախագիծը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և կընդգրկվի մայիսի 29-ին մեկնարկելիք ԱԺ նիստերի օրակարգ։