22/05/2019 13:41
Մրցավար Արտակ Սիմոնյանը որակազրկվել է
Կայացել է ՀՖՖ մրցավարական կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Փյունիկ» ակումբի առարկությունը մայիսի 20-ին կայացած «Լոռի»-«Փյունիկ» հանդիպման երկու դրվագների, ինչպես նաև երկրորդ խաղակեսին փոխհատուցված խաղաժամանակի վերաբերյալ:
Դիտելով նշված խաղային իրավիճակների տեսագրություննները և հաշվի առնելով հանդիպման տեսուչ Աշոտ Հարությունյանի՝ հանդիպման մրցավար Արտակ Սիմոնյանի աշխատանքին տված անբավարար գնահատականը (7.9), ՀՖՖ Մրցավարական կոմիտեի անդամները եկել են հետևյալ եզրակացության.
1) Հանդիպման 86-րդ րոպե - մրցավարը կայացրել է ակնհայտ սխալ որոշում` չնշանակելով 11 մետրանոց հարված:
2) Հանդիպման 89-րդ րոպե - տվյալ խաղային իրավիճակում մրցավարը կայացրել է ճիշտ որոշում` չարձանագրելով գոլը, քանի որ դարպասի ետևում գտնվող տեսախցիկի կրկնապատկերում պարզ երևում է, որ խաղային դրվագում «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստը կասեցնում է գնդակը անբնական դիրքում գտնվող ձեռքով, որից հետո գրավում է մրցակցի դարպասը:
3) Երկրորդ խաղակեսին փոխհատուցված ժամանակը համապատասխանում է խաղակեսի ընթացքում կորսված ժամանակին:
Հաշվի առնելով վերոնշյալ կետերը՝ կայացվեց հետևյալ որոշումը.
Դեպքի առիթով սկսել ներքին քննություն, մրցավար Արտակ Սիմոնյանին որակազրկել մինչև հանգամանքների մանրակրկիտ ուսումնասիրության ավարտը: