22/05/2019 13:22
Ոչ մեկի մոտ կասկած չկա, որ պարոն Փաշինյանը և «Իմ քայլը» Հանրապետության հրապարակը ցանկության դեպքում նորից կլցնի. Ալեն Սիմոնյան
Այսօր խորհդրարանում լրագրողները Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հուշել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները փակելու կոչին արձագանքել է 1100 մարդ։
«Ներողություն, էդ 1100 մարդ, որ ասում են, ինձ հիշեցնում է Սերժ Սարգսյանի վախտ, որ ասում էին՝ դե լավ, հրապարակում քիչ մարդ կա։ Խոսքն այն մասին է, որ ակցիա է եղել, որը վերաբերել է ամբողջ հանրապետությանը։ Ոչ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չկա, որ պարոն Փաշինյանը և «Իմ քայլը» դաշինքը ցանկության պարագայում Հանրապետության հրապարակը նորից կլցնի, որովհետև մենք ժողովրդի հետ համագործակցում ենք ու ներկայացնում ենք ժողովրդին», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ դատարանների փակելու ակցիայի մասնակիցների թիվը հրապարակել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։
Այդուհանդերձ, ըստ Սիմոնյանի, այն, որ բոլոր դատարանները փակ են եղել ու չեն աշխատել «խոսուն է». «Մենք որ մեր քայլերը սկսում էինք, 10-13 հոգի էինք, բայց ներկայացնում էինք մարդկանց կարծիքը, չէ՞»։
Անդրադառնալով վարչապետի՝ դատարաններն արգելափակելու կոչին, ԱԺ փոխնախագահը պնդեց, որ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն կամ խոչընդոտ չի եղել։
«Դա քաղաքական ակցիա էր։ Ի դեպ, նման քաղաքական ակցիա տեղի էր ունեցել նաև հեղափոխության օրերին», - ասաց ԱԺ փոխնախագահը։