23/05/2019 20:11
Իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ չենք լրջացել. ՀՅԴ անդամ
Հայաստանի քաղաքացիների մի մասը համաձայն չէ և մտահոգ է երկրում տեղի ունեցող գործընթացներով, այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը։
«Մեր հայտնած կարծիքը կարող է ոմանց դուր չգալ, բայց մեր սիրտն այս երկրի համար պակաս չի ցավում, քան այլոց սիրտը։ Կառավարության ղեկավարը մի քանի օր առաջ 100 ձեռքբերում ներկայացրեց, բայց որպես ձեռքբերում է ներկայացված, օրինակ, նախարարությունների միավորումը։ Բայց այդ միավորման արդյունքում մշակութային կյա՞նքն ակտիվացավ, գյուղացու կյա՞նքը բարելավվեց, սփյուռքի հետ հարաբերություննե՞րն ամրապնդվեցին», - հարց ուղղեց նա։
Դաշնակցական գործիչը շեշտեց՝ 100 ձեռքբերումներից շատերը նախորդ կառավարության ծրագրերի շարունակությունն են։
«Իրական ձեռքբերումներ չեն կարող լինել, քանի դեռ չենք լրջացել։ Ո՞ւր է տնտեսական հեղափոխությունը, տնտեսության կառուցվածքի փոփոխություն է անհրաժեշտ։ Եթե կան կոռուպցիա և օլիգարխիա, տնտեսությունը չի զարգանում, բայց դրանց վերացումը չի երաշխավորում տնտեսական զարգացումը։ Դրա համար պետք է ակտիվ տնտեսական քաղաքականություն իրականացնել», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը։