23/05/2019 11:17
Գագիկ Հարությունյանը չի մերժել պատգամավորների հրավերը՝ խորհրդարանում պատասխանել նրանց հարցերին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը չի մերժել Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորների հրավերը՝ ներկա գտնվել հանձնաժողովում և պատասխանել նրանց հարցերին։
Այսօր հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲԴԽ նախագահին հանձնաժողով հրավիրելու առաջարկն արել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը և դա պայմանավորված էր դատական իշխանության շուրջ ստեղծված վերջին իրադարձություններով։
ԲԴԽ նախագահը գրավոր պատասխանում նշել է, որ դատաքննության փուլում գտնվող գործերի վերաբերյալ հարցերին, ինչպես նաև իր լիազորությունների շրջանակից դուրս հարցերին իրավասու չէ պատասխանել։ Իսկ մնացյալ հարցերի շուրջ Գագիկ Հարությունյանը նշել է, որ դեմ չէ և կարող է ներկա գտնվել հանձնաժողովում ու պատասխանել պատգամավորների հարցերին։
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հանդիպման օրվա ու ժամի մասին կպայմանավորվեն և լրացուցիչ կտեղեկացնեն։