23/05/2019 09:49
«Ժողովուրդ». «Իմ քայլը»պատրաստվում է մերժել նաև Արթուր Վաղարշյանի թեկնածությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի պաշտոնում ԱԺ է ներկայացրել իրավագետ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը, սակայն խորհրդարանական մեծամասնությունը պատրաստվում է մերժել նաև նրան` ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ցանկանալով տեսնել «Մարտի 1»-ի գործով զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանին:
Երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը Վաղարշյանի թեկնածության հանդեպ իր բացասական վերաբերմունքն անուղղակի ի ցույց է դրել նաև նրա հետ հանդիպման ժամանակ: 88 հոգանոց խմբակցությունից ընդամենը 13 հոգի է մասնակցել այդ հանդիպմանը, ընդ որում՝ ներկա չեն եղել ո՛չ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ո՛չ էլ քարտուղար Հակոբ Սիմիդյանը:
«Իմ քայլը» խմբակցությունից հանդիպմանը ներկա պատգամավորներից Մարիա Կարապետյանը գործընկերների բացակայությունը պայմանավորեց զուգահեռ այլ նիստեր լինելու և լարված աշխատանքի հանգամանքով։ Ամեն դեպքում, նկատենք՝ թեև խմբակցությունը պաշտոնապես որոշում չի կայացրել, բայց ակնհայտ է՝ դեմ է քվեարկելու նաև այս թեկնածուին»: