23/05/2019 09:58
«Փաստ». Դաշնակցական ու ՀՅԴ-ամերձ պաշտոնյաները կառուցվածքային փոփոխության անվան տակ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան
«Փաստ» թերթը գրում է, որ իր հավաստի տեղեկություններով, իշխանության վերնախավի հստակ հանձնարարությամբ հատուկ նշանառության տակ են առնվել մի շարք դաշնակցական ու ՀՅԴ-ամերձ պաշտոնյաներ:
Ըստ թերթի իրազեկ աղբյուրի՝ կառավարության կառուցվածքային փոփոխության անվան տակ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մասնավորաբար տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար, ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ Մասիս Բաղդասարյանը, ով ՀՅԴ անդամ է դեռևս 90-ականների սկզբից և եղել է ՀՀՇ-ի դեմ պայքարող առաջամարտիկներից մեկը, ինչպես նաև նախարարության գլխավոր քարտուղար Աղասի Մաթիլյանը, ում հայրը ներկայումս ՀՅԴ ղեկավար մարմնի անդամ է:
Ի դեպ, թերթի տեղեկություններով, այդ պաշտոններում նշված անձանց փոխարեն իշխանություններն արդեն իսկ ունեն համապատասխան փոխարինողներ: