23/05/2019 12:14
Մեկը կարա ինձ բացատրի՝ ինչ իմաստ ունի մի քանի միլիոն դոլարի սարքավորում ներկրել միայն նրա համար, որ տեսախցիկների առաջ բացում արվի. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ներդրումային ծրագրերի շրջանակներում արտոնություններ տրամադրելու նպատակային լինելուն:
«Մենք այդ հարցը քննարկել էինք և ներկայացվել է, որ մոնիտորինգի արդյունքներում արտոնությունները ծառայում իրենց նպատակներին: Նշվել է, որ այդ ոլորտում էական խնդիրներ չկան և ներդրումները իննսուն և ավելի տոկոսով ծառայում են իրենց նպատակներին, և միայն երկու ծրագիր կա, որոնց հետ կապված հարցեր կան, և դրանցով զբաղվում են», - ասաց նա:
Վարչապետը նշեց, որ մամուլում ահազանգեր լինում են, թե ինչ-որ ընկերության հետ կապված խնդիրներ կան և հույս հայտնեց, որ այդ հրապարակումները ուղղորդում է, որ կոնկրետ այդ տեղերը ստուգվեն:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կենցաղային տեխնիկա արտադրող կազմակերպության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է։ Վարչապետը նկատեց, որ դա քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ գնացել են, բացում են արել և չի աշխատում:
«Տասնհինգ մարդ հեռուստացույցեր է հավաքում արդեն», - ասաց Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ հայտարարել է՝ եթե 70 աշխատողները կլինեն, կայցելեն և բոլորը կտեսնեն, որ աշխատում են:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այստեղ ամենամեծ ռիսկը շուկան է և հույս հայտնեց, որ ներդրողների շուկայի հետ կապված ծրագրերը կիրագործվեն:
«Հույս ունենք՝ այդ արտադրանքը հայաստանյան շուկայում հաջողություն կունենա, սա, ըստ էության, առաջին փորձն է, հետսովետական շրջանում կենցաղային տեխնիկա հավաքելու փորձ չենք ունեցել», - ասաց նա։
Ինչ վերաբերում է ներդրումների համար արտոնությունները նպատակին չծառայելու մտահոգություններին, վարչապետը արձագանքեց. «Մեկը կարա ինձ բացատրի, ինչ իմաստ ունի մի քանի միլիոն դոլարի սարքավորում ներկրել մենակ նրա համար, որ տեսախցիկների առաջ բացում անեն, հետո ի՞նչ անել այդ սարքավորումները»: