23/05/2019 15:08
Իսրայելում դատարանը բիթքոինը ճանաչել է ֆինանսական ակտիվ
Իսրայելի Կենտրոնական շրջանի դատարանը որոշում է կայացրել երկրի հարկային մարմնի օգտին՝ ճանաչելով բիթքոինը ֆինանսական ակտիվ, այլ ոչ թե արժույթ: Իսրայելում կրիպտոարժույթի շահույթը հարկվում է կապիտալ աճի արդյունքում:
Դատավոր Շմուել Բորնշթեյնը բավարարել է կարգավորիչի պահանջը և միաժամանակ մերժել «Copel» ստարտափի բողոքը, որը պնդում է, թե բիթքոինը պետք է համարվի արժույթ, հետևաբար դրա վաճառքից եկամուտը չպետք է հարկվի:
«Copel»-ը բիթքոիններ ձեռք է բերել 2011 թվականին և վաճառել դրանք 2013 թվականին՝ մոտ 8.27 միլիոն շեկելով (2.3 միլիոն դոլար):
«Բիթքոինը պետք է դասակարգվի որպես արտարժույթ, և դրա շահույթը պետք է դիտվի որպես փոխարժեքային տարբերություն՝ ֆիզիկական անձի կողմից ստացված, որը գործունեություն չի իրականացնում, և, հետևաբար, չպետք է հարկվի», - ասել է ընկերության ղեկավարը դատարանում:
Սակայն իսրայելական հարկային մարմինը դեմ է արտահայտվել՝ նշելով, որ բիթքոինը կենտրոնական բանկի սահմանած արտարժույթ չէ, ուստի այն չի կարող լինել արտարժույթ:
Փոխարենը, գործակալությունը պնդում է, որ կրիպտոարժույթն ակտիվների դասին է պատկանում, ուստի վաճառքի շահույթը ենթակա է հարկման: Դատարանը պարտավորեցրել է «Copel»-ին վճարել մոտ 3 միլիոն շեկել հարկ: