23/05/2019 12:44
Իրականում Հայաստանն այսօր խնդիր ունի. մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել. Արթուր Վանեցյան
Կառավարության այսօրվա նիստում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը խնդրեց մարզադաշտ կառուցելու համար տարածք հատկացնել։
«Ես տարածք հատկացնե՞մ», - կատակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ իր դիրքորոշումը հետևյալն է՝ մարզադաշտ կառուցլեը շատ կարոևր է, որովհետև այդ մարզադաշտը հնարավորություն կտա երկրում տեղի ունենան միջազգային խաղեր։
«Ուղղակի այդ մարզադաշտը պետք է երբեք չկառուցվի կանաչ տարածքների հաշվին, Երևան քաղաքի կենտրոնում արդեն տեղ չկա ոչ միայն մարզադաշտ, այլև շենք կառուցելու համար», - ասաց վարչապետը։
«Մարզադաշտի հետ կապված մի երկու բան ասեմ. իրականում Հայաստանն այսօր խնդիր ունի, մարզադաշտ չունենալու պատճառով ՈՒԵՖԱ-ն կարող է որակազրկել մեր ունեցած մարզադաշտը, որովհետև չի համապատասխանում պայմաններին, ու այսօր մենք խնդիր ունենք կառուցելու մարզադաշտ», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ ժամանակակից մարզադաշտերը, որ հիմա սարքում են, նախատեսում է իր հետ նաև շատ մեծ կանաչապատ գոտի։
«Այսինքն, մարզադաշտի շուրջը կառուցվում է այգի, որը լինում է ժամանակակից ու շատ լավ այգի, մարզադաշտը գրավելու է 5-6 հեկտար տեղ, շրջակա միջավայրը՝ 10-15 հեկտար», - նշեց ՀՖՖ նախագահը։
Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ճակատագիր ունի «Հրազդան» մարզադաշտը։
««Հրազդան մարզադաշտը որպեսզի դառնա միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադաշտ, պետք է կատարվի ահռելի մեծ գումարների ներդրում», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նա, սակայն, ընդգծեց, սա էլ փաստ չէ, որ մարզադաշտը կընդունեն, թե ոչ։
«Որովհետև ամենակարևոր խնդիրը, որ այսօր վերաբերում է մարզադաշտերին, անվտանգության ապահովման խնդիրն է, այսինքն՝ մի քանի կողմից մեքենաներ, ճանապարհների առկայություն, տարհանում, այսինքն՝ պետք 15-20 րոպեի ընթացքում մարզադաշտը տարհանվի, ազատվի... ուղղակի անհնարին է «Հրազդան» մարզադաշտը հարմարաեցնել այդ պայմաններին», - ասաց ՀՖՖ նախագահը։
Եթե հնարավորություն ունենան, շարունակեց խոսքը Արթուր Վանեցյանը, կվերանորոգեն մարզադաշտը ու կօգտագործեն տեղական խաղերի կազմակերպման համար։
«Սեփականատիրոջ հետ երկու-երեք անգամ արդեն հանդիպել եմ, բանակցությունները տարվում են», - նշեց ՀՖՖ նախագահը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս թեմայով քննարկումները պետք է ինտենսիվացնել։