23/05/2019 17:30
Երևանում ֆանտաստիկ մրցաշար է լինելու. Գունար Հալլե
Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ փուլ հասնելու համար Նորվեգիայի ընտրանին բավական հետաքրքիր ճանապարհ է անցել, հայտնում են ՀՖՖ-ից։
Որակավորման 2-րդ փուլում Գունար Հալլեի սաներն իրենցից հետ են թողել մեծանուն հավաքականների՝ Գերմանիային, Խորվաթիային, Հունգարիային։ Նորվեգացիները չեն պատրաստվում հրաժարվել հետագա հավակնություններից՝ առավել ևս, որ եզրափակիչ փուլում խաղալու փորձ ունեն։
- Որակավորման էլիտ փուլում ընդգրկվել էիք Գերմանիայի ընտրանու հետ։ Ինչպե՞ս հաջողվեց հաղթահարել այսպիսի դժվար արգելք։
- Խաղի լավ ծրագիր և ճիշտ վերաբերմունք ունեինք։ Գիտենք մեր ուժեղ կողմերը և թե ինչպես կարելի է միասնաբար հաղթել։ Բնականաբար, գիտեինք նաև, թե ինչպես է խաղում և ինչպիսի ուժեղ կողմեր ունի Գերմանիան։ Լավ նախապատրաստվեցինք։ Բոլորը հավատում էին, որ ամբողջ ճանապարհը կարող ենք անցնել որպես ուժեղ կոլեկտիվ։
- Եզրափակիչ փուլի մասնակիցներից միայն երեքը, նույն թվում՝ Նորվեգիան, երբևէ չեն հաղթել առաջնությունում։ Այս անգամ ինչպիսի՞ սպասելիքներ ունեք։
- Գիտենք, որ եզրափակիչ փուլում մեծ մրցակցություն կա։ Ուրախ ենք, որ 2-րդ տարին անընդմեջ եզրափակիչ փուլում ենք խաղալու։ Կարծում ենք, որ դեռ կարող ենք լավ խաղալ և որակյալ հանդիպումներ անցկացնել նաև եզրափակիչ փուլում։
- Ձեր դիտարկմամբ՝ ովքե՞ր են չեմպիոնի կոչման հավակնորդները։
- Շատ դժվար է ասել, թե թիմերից որևիցե մեկը չեմպիոնի կոչման ակնհայտ հավակնորդ է։ Լավ խաղալու համար բոլոր թիմերն էլ ունեն որակական բավական հատկանիշներ։ Շատ լավ խաղեր են սպասվում։
- Ի՞նչ գիտեք Հայաստանի ֆուտբոլի, մշակույթի և պատմության մասին։
- Գիտենք, որ հայկական ֆուտբոլը զարգանում է, արտերկրում հայ լավ ֆուտբոլիստներ կան՝ ի դեմս ամենահայտնի Հենրիխ Մխիթարյանի։ Շատ ենք սպասում՝ ծանոթանալու հայկական մշակույթին և հին մեծ պատմությանը Հայաստանում և մասնավորապես` Երևանում։ Վստահ եմ՝ ֆանտաստիկ մրցաշար է լինելու, հաջողություն եմ մաղթում։