23/05/2019 20:54
Եթե իմ ուսանողներն ինձ ասում են «нет», իմ առջև փակում են դռները, ես բարոյական իրավունք չունեմ մնալու. Ռուբեն Բաբայանն ազատվել է Թատերական ինստիտուտում իր պաշտոնից
Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» ամբիոնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը Թատերական ինստիտուտում պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել:
Aysor.am-ին տված պարզաբանման մեջ ռեժիսորն ընդգծեց՝ իր որոշումը հիմնավորված է ոչ թե ուսանողների՝ ռեկտորի ընտրությունների արդյունքն ընդունելով կամ չընդունելով, այլ այն գործողություններով, որոնց ինքը ենթարկվեց՝ կորցնելով ազատ տեղաշարժվելու հնարավորությունը:
«Երբ երեկ ցանկանում էի ինստիտուտի շենքից դուրս գալ՝ չթողեցին, դռները փակել էին բոլորի՝ այդ թվում՝ իմ դեմ: Նույն պահին բարձրացել եմ վերև, դիմում եմ գրել, իջել ներքև ու ասել, որ ես այլևս չեմ աշխատում ինստիտուտում: Այդ ժամանակ նոր թողեցին դուրս գալ: Այդ ինստիտուտին ես 25 տարի եմ տվել, անկախ նրանից դասավանդել եմ, թե՝ ոչ` բոլորն էլ իմ ուսանողներն են: Եթե իմ ուսանողներն ինձ ասում են «нет», իմ առջև փակում են դռները, ապա ես այլևս բարոյական իրավունք չունեմ մնալու», - մանրամասնեց Ռ. Բաբայանը:
Ռեժիսորը շեշտում է՝ երեք տարի շարունակ իր ուսանողներին ասել է, որ չի կարելի ոտնահարել մարդկային արժանապատվությունը, չի կարելի բռնանալ ուրիշի կամքին: Եթե հիմա հանդուրժի այդ ամենը, նշանակում է՝ ասածը զրոյի է հավասարեցնում: Ընդգծում է՝ սա իրեն հնարավորություն տվեց մտածել՝ միգուցե սպառե՞լ է իր ժամանակն ու այլևս այդ ինստիտուտի ուսանողությանը պետք չէ՞:
Ազատման դիմումը Ռուբեն Բաբայանը երեկ է ներկայացրել, դեռևս չգիտի՝ ռեկտորը ստորագրե՞լ է, թե՞ ոչ: Հարցին՝ հնարավո՞ր է դիմումը չեղյալ համարի ու վերադառնա դասախոսական գործունեւթյանը, պատասխանեց.
«Վաղը երկու օրով հյուրախաղերի եմ մեկնում Արցախ: Վերադարձից հետո կզանգեմ ռեկտորին ու կիմանամ ընթացքի մասին: Ինչ վերաբերվում է ինստիտուտ վերադառնալուն, համենայնդեպս, ներկա իրավիճակում ես չեմ պատրաստվում դա անել: Ուսանողների՝ իմ առջև դուռ փակելու ենթատեքստն ինձ համար սա էր՝ «մենք Ձեզ չենք վստահում, չենք հարգում, վռնդում ենք»: Այդ փակած դուռը ընկալեցի ինստիտուտից դուրս հրավիրելու պահանջ, ինչն էլ ես կատարեցի: Ինձ հասցվել է վիրավորանք, ի՞նչ են անում մարդիկ, երբ հասկանում են, որ դիմացինին վիրավորել են: Կարևոր է, որ յուրաքանչյուր գործողություն լինի գիտակցված. ներելն էլ լինի գիտակցված, դռներ փակելն էլ, վռնդելն էլ»:
Պետական տարբեր հաստատությունների դռները փակելու միջոցով ցանկալի արդյունքի հասնելը, կարծեք թե արդիական է դարձել: Օրեր առաջ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով հանրությունը հանրապետության դատարանների ելքն ու մուտքն էր արգելափակել: Ռուբեն Բաբայանը նկատում է՝ շենքում մարդկանց պատանդ պահելն ու դատարկ շենքերի դռները փակելը տարբեր բաներ են:
«Մարդու ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակելը շատ մեծ սխալ է՝ անկախ նրանից, թե ում կողմից է կատարվում: Մեկ տարի առաջ սխալ եմ համարել այն ռեկտոներին, ովքեր ուսանողների առջև էին դռներ փակում: Օրեր առաջվա դեպքի հետ կապված ասեմ՝ (դատարաններ դռները փակելու-հեղ.) լիրովին համաձայն լինելով նրա հետ, որ դատաիրավական համակարգը պետք է լուրջ բարեփոխվի, նույնիսկ՝ «վիրահատության» ենթարկվի, միևնույն է, դռներ փակելը ճիշտ տարբերակ չեմ համարում: Երեկվա համար էլ արդեն ասացի. հնարավոր չի պահանջել հարգանք սեփական իրավունքների նկատմամբ՝ ոտնահարելով ուրիշների իրավունքը», - նշեց մեր զրուցակիցը:
Կրկին վերադառնալով Թատերական ինստիտուտում տեղի ունեցող խժդժություններին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը նկատեց` երկխոսության պահանջ կա, պետք է կառավարման խորհրդի անդամները լսեն բոլոր ուսանողների կարծիքն ու պահանջը:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր ընտրվեց միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը:
Թատերականի ուսանողները, սակայն, չընդունեցին այդ որոշումը և այլընտրանք էին պահանջում: Նրանք ներսից փակել էին ինստիտուտի դուռն ու որևէ մեկին թույլ չէին տալիս ոչ դուրս գալ շենքից, ոչ էլ՝ ներս մտնել: