24/05/2019 12:03
Հասարակության շրջանում չպետք է մնան կասկածներ պետական համակարգի նկատմամբ. ԱԱԾ տնօրենը՝ վեթինգի մասին (Տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարվում է մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ ինքնիշխանության դեմ դավադիր ուժերի մասին:
«ԱԱԾ-ն մշտապես զբաղվում է իր գործառույթներով, բայց այս պահին զերծ կմնամ այլ մեկնաբանություններից», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է պարզել ԱԱԾ-ն դավադիր ուժերի մասով:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի լեգիտիմ իշխանության դեմ հանդես եկող ուժերը «միանշանակ և աներկբա միայն մեկ նպատակ ունեն՝ Արցախի ժողովրդին օգտագործել իրենց նեղ խմբային շահերն սպասարկելու, նախկինում գործած հանցագործությունների համար պատասխանատվությունից խուսափելու համար, Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության դեմ դավադրություններ հրահրելու համար»:
Ինչ վերաբերում է դարձյալ վարչապետի հայտարարած վեթինգի ինստիտուտի ներդրմանը, Վանեցյանն ասաց, որ մանրամասներին տեղյակ չէ ու հավելեց. «Երբ ինստիտուտը ներդրվեց ու ամեն ինչ հստակ կլինի և եթե ԱԱԾ-ն կունենա իր անելիքները, ապա միանշանակ կիրականացնի իր գործառույթները»:
Հարցին, թե ԱԱԾ տնօրենը անհրաժեշտություն չի՞ տեսնում, որ ոչ միայն դատավորների, այլ նաև մյուս պաշտոնյաների շրջանում վեթինգ իրականցվի, Վանեցյանը արձագանքեց. «Ես, ընդհանրապես, անհրաժեշտություն եմ տեսնում, որ ողջ պետական համակարգի նկատմամբ հասարակության շրջանում չմնան կասկածներ: Պետք է անել ամեն ինչ` դա կկոչվի վեթինգ, թե այլ բան, որ հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն` ինչպես նշանակվեց, որտեղի՞ց նրան այդ ունեցվածքը»:
Մանրամասն` տեսանյութում