24/05/2019 14:50
Մինչև վեթինգը բացառիկ պատուհան է, որ ոչ բարեխիղճ դատավորները հեռանան համակարգից. Կարեն Զադոյան
Այսօր խորհրդարանում անցումային արդարադատության թեմայով լսումների ժամանակ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանից հետաքրքրվեց՝ արդյոք քննարկվե՞լ են այն հետևանքները, եթե վեթինգի արդյունքում մերժվի դատավորների 60-70 տոկոսը, կա՞ արդյոք այն կադրային բազան, որը պետք է գա և փոխարինի նրանց։
Արձագանքելով Սարգսյանին, Զադոյանն ասաց, որ մինչև վեթինգը ոչ բերախիղճ դատավորները կարող են օգտվել հնարավորությունից ու հեռանալ:
«Այսօր բացառիկ պատուհան է ստեղծվում ոչ բարեխիղճ դատավորների համար իրենց կամքով հեռանալ դատական համակարգից, բացառիկ հնարավորություն է մինչև այդ գործիքակազմերի կիրառումը, հուսով եմ՝ շատ դատավորներ իրենց կամքով կհեռանան այդ համակարգից, իսկ վեթինգով անցած դատավորներն ավելի են ուժեղանալու։ Եթե այս ամենն իրականացնենք ճիշտ և բարեխղճորեն, ապա ռիսկերը կլինեն մինիմալ, իսկ եթե ոչ՝ հնարավոր է ռիսկեր առաջանան հետևանքների առումով», - ավելացրեց Զադոյանը։
Համակարգի համալրման վերաբերյալ բանախոսը հստակ պատասխան չտվեց։