24/05/2019 10:56
Անցումային արդարադատության նպատակն անկախ դատական համակարգի ձևավորումն է, ոչ թե ավելի սրել եղած խնդիրները. Արարատ Միրզոյան
Գաղտնիք չէ, որ դատական համակարգը տարիներ շարունակ կուտակված խնդիրներ ունի, որոնք պատուհաս են դարձել մեր գլխին և կանգնած են Հայաստանի առջև, խորհրդարանում «Անցումային արդարադատության» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Անցումային արդարադատության նպատակն անկախ դատական համակարգի ձևավորումն է, ոչ թե ավելի սրել եղած խնդիրները, այլ տալ լուծում և հանգեցնել հանրային համերաշխության», - ասաց Արարատ Միրզոյանը:
ԱԺ նախագահը ներկայացրեց նիստի օրակարգը՝ ընդգծելով, որ պատրաստ են լսել մի շարք տեսլականների մասին, թե ինչպես կարելի է իրականացնել անցումային արդարադատություն և ինչ գործիքներ է պետք կիրառել:
Միրզոյանը նկատեց՝ կարևոր է հասկանալ, թե արդյոք կա անհրաժեշտություն անցած իրադարձություններին իրավաքաղաքական գնահատական տալու, և եթե կա այդ անհրաժեշտությունն, արդյոք հիմա դրա ժամանակն է, թե՞ դեռևս սպասել է պետք:
«Պետք է հասկանալ դատական համակարգը ՀՀ քաղաքացիներին ներկայացնում է, թե ոչ: Վերջում կուզենայի նշել՝ ինչ չէ անցումային արդարադատությունը. այն «տռոյկա դատարանների» ձևավորումը չէ, արտակարգ դատարանների ձևավորումը չէ, երբ զանազան մարդիկ կարող են հավաքվել և որոշումներ կայացնել: Անցումային արդարադատությունը օրինական ճանապարհով պիտի աջակցի, մաքրի, զտի, կայացնի գործող դատական համակարգը: Սա ամենակարևոր ուղերձն է, որը մտքներումս պիտի պահենք», - ասաց Արարատ Միրզոյանը: