25/05/2019 19:49
Ազգային պատկերասրահում այսօր «Այրված արխիվներ»-ն էին ցուցադրում
Այսօր Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Արվեստի շաբաթ» (Art Week) մշակութային ծրագրի պաշտոնական բացումը, որը մեկնարկվեց Լեհաստանի Ասիմետրիա ցուցասրահի «Այրված արխիվներ» ֆոտոցուցադրությամբ:
«Այրված արխիվներ»-ն ապացույցն է այն բանի, որ արվեստագետները ինչ-որ պահի այրում, ոչնչացնում են սեփական աշխատանքները:
Ցուցասրահում ներկայացված են տարբեր ազգերի արվեստագետների աշխատանքներ՝ լեհ, վրացի, ուկրաինացի… Հայ արվեստագետներից ընտրվել էին Սերգեյ Փարաջանովի գործերը:
Aysor.am-ի հետ զրույցում մշակութային ծրագիրը համակարգող Եվա Խաչատրյանը նշեց, որ ընդհանուր առմամբ՝ «Այրված արխիվներ»-ի շրջանակում 30 գործ է ներկայացված:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանում «Գյոթե» կենտրոնի աջակցությամբ: Հովանավորն է Ռոստելեկոմը, գլխավոր հովանավորը՝ Ամերիաբանկը:
«Արվեստի շաբաթ»-ը կտևի մինչև հունիսի 2-ը: