25/05/2019 12:15
Օպերայի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանի ընտրությանը. նրանք պատրաստվում են ժողով անել
«Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահի քվեարկության արդյունքների վերաբերյալ Թատրոնի կոլեկտիվը միանգամայն հիմնավոր և արդարացի անհամաձայնություն ունի, հայտարարություն են տարածել Օպերայի աշխատակիցները։
Աշխատակիցները պատրաստվում են մայիսի 27-ին կոլեկտիվի ժողով հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Ավելի վաղ Aysor.am-ը գրել էր, որ մայիսի 22-ին կայացել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը՝ թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության օրակարգով։
Քվեարկության արդյունքներով՝ «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, իսկ թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն ընտրվել է խորհրդի քարտուղար: