27/05/2019 16:57
Երևի մարդիկ կան, ում ես խանգարում եմ. Վազգեն Ռշտունին հերքում է իր շահագրգռվածությունը Քոչարյանի ու մյուսների գործով (Տեսանյութ)
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորին գիտեմ միայն որպես դատավոր, նրա հետ շփում՝ թե' ուղղակի, թե' անուղղակի, չեմ ունեցել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ մեկնաբանելով Քոչարյանի վերաբերյալ որոշումից հետո տարածված սկանդալային տեղեկությունը։
Հիշեցնենք՝ տեղեկություններ էին տարածվել, որ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հրապարակած որոշումը՝ գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Քոչարյանի կալանքը փոխելու մասին, գրել են Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին և դատավորներ Մխիթար Պապոյանն ու Արշակ Վարդանյանը։ Պապոյանը հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու իրավապահներին։
Հարցին` ինչպե՞ս է մեկնաբանում պարբերաբար նման բնույթի տեղեկություններ տարածելիս նրա անունը շոշափելու հանգամանքը, Ռշտունին պատասխանեց.
«Չգիտեմ, չեմ կարող բացատրել։ Միգուցե, թե' համակարգում, թե' համակարգից դուրս երևի մարդիկ կան, ում ես խանգարում եմ»։
Նրա խոսքով, նախկին իշխանությունների հետ գրեթե բոլոր դատավորներին կարող են կապել։
«Ես տասը տարուց ավելի դատավոր եմ աշխատել, եթե ինձ կապում են նախկին իշխանությունների հետ, որովհետև ես էդ ժամանակ եմ նշանակվել, կարող են կապել։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ես այդ գործով (նկատի ունի Քոչարյանի և մյուսների գործը-հեղ.) շահագրգռվածություն ունեմ, կարծում եմ՝ այդ դեպքում մեր ուժային կառույցները, եթե ունեն որոշակի ինֆորմացիա իմ շահագրգռվածության, իմ՝ գործերի վրա ազդելու վերաբերյալ, խնդրեմ, կարող են հրապարակել», - հայտարարեց Ռշտունին։
Հարցին՝ արդյոք դատական համակարգի վերաբերյալ վարչապետի կոշտ հայտարարությունից հետո պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայացնել, Ռշտունին պատասխանեց.
«Այսպես ասեմ՝ իմ ամբողջ գործունեության ընթացքում, նաև մարդկային շփումներում ես փորձում եմ լինել արդար։ Հիմա՝ թե իմ գործերը, գործողությունները որքանո՞վ են արդարացված, դրան առաջին գնահատականը պետք է տա մամուլը, ինչպես նաև իրավաբանական համայնքը։ Եթե ես հասկանամ, որ իմ գործունեությունը բացասական է գնահատվում, այո՛, չեմ աշխատի»։
Այդուհանդերձ, դատարանի նախագահը չբացառեց, որ համակարգում, հնարավոր է, խնդիրներ լինեն, սակայն դրանք բոլոր մարմիններում էլ կան, չեն կարող չլինել։
Նաև նշեց, որ սեր չունի ժողովներին մասնակցելու, բայց իր պարտքն է համարել գալ այսօր, ներկա գտնվել դատավորների արտահերթ ընդհանուր ժողովին։