27/05/2019 15:42
Ինչո՞վ էր պայմանավորված այս շտապողականությունը. Օպերայի թատրոնի կոլեկտիվը չի ընդունում Նազենի Ղարիբյանին
Ինչո՞վ է պայմանավորված, որ այսպես շտապ կերպով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահի ընտրություն տեղի ունեցավ ու ընտրվեց Նազենի Ղարիբյանը, այսօր Օպերայի թատրոնի աշխատակիցների հրավիրած ժողովի ժամանակ հայտարարեց թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը:
«Այո՛, ժամանակին կառավարման խորհրդի նախագահը եղել է այն ժամանակվա Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Բայց հիմա դեռևս կառավարությունը ձևավորված չէ, ինչո՞վ էր պայմանավորված այս շտապողականությունը», - հարց հղեց նա:
Կառավարման խորհուրդն այն մարմինն է, որը թատրոնի տնօրենի հետ իրականացնում է թատրոնի ղեկավարումը: Այսինքն, թատրոնի ներսում բարձրացված բոլոր հարցերը, խնդիրները կառավարության խորհրդի միջոցով է հասցվում Կառավարություն: Ու հիմա, Հ. Արզումանյանի խոսքերով, թատրոնի աշխատակիցները չեն պատկերացնում՝ ինչպե՞ս է Նազենի Ղարիբյանն աշխատելու այդ խորհրդում:
«Բոլորը գիտեն վարչապետին ուղղված թատրոնների ղեկավարների նամակի մասին (ԹԳՄ-ը պահանջում էր Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը), հիմա նա ինչպե՞ս է պատրաստվում աշխատել Օպերային թատրոնի հետ:
Նրա խոսքով՝ կառավարման խորհուրդը 8 հոգուց է բաղկացած, որոնց շարքում Օպերայի թատրոնի ներկայացուցիչները 2-ն են:
«Արդեն իսկ տարօրինակ է այն փաստը, որ մեր ներկայացուցիչները քիչ ձայն են ապահովում: Միայն 4 հոգի նախարարությունից են ընդգրկված: Մեր ներկայացուցիչներն ինչպես էլ քվեարկեին, իրողությունը չէր փոխվելու: Մեզ միայն մոտեցումն է հետաքրքրում. ինչո՞ւ են շտապում ու ընտրում դեռ չկազմավորված կառավարության չնշանակված փոխնախարարին», - ընդգծում է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, ինչին անմիջապես հաջորդեց թատրոնի կելեկտիվի հայտարարությունն, ըստ որի աշխատակիցներն իրենց անհամաձայնությունն էին հայտնում ընտրության վերաբերյալ: