27/05/2019 18:56
Հայկական քոչարին՝ ֆլեշմոբի տեսքով՝ աշխարհի 6 մայրցամաքներում
6 մայրցամաքներից 12 միլիոն հայ ու 1 պար. արդեն երկրորդ տարին աշխարհի տարբեր երկրներում համահայկական ֆլեշմոբ են անցկացնում՝ «Արի պար քոչարի», որի սկիզբը դրվեց Ֆրանսիայի հայ համայնքի կողմից:
«Արի պարի քոչարի»-ն այս տարի ամենաակտիվը Ռուսաստանի Դաշնությունում էր, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում նկատեց մոսկվայաբնակ պարուհի Մարինա Մարտիրոսյանը:
«Որքան գիտեմ՝ այս տարի Ռուսաստանի հայությունն է ակտիվ եղել: Այստեղի շատ ու շատ պարային խմբեր քոչարիով ֆլեշմոբ են կազմակերպել, որին միացել է նաև ինձ շատ հարազատ Հայ երգ ու պարի՝ «Հայորդիք» պարային համույթը՝ Անահիտ Սարգսյանի ղեկավարությամբ: Ի դեպ, համույթն այս տարի արդեն 20 տարեկան է դառնում», - ոգևորությամբ նշեց պարուհին:
Այս տարվա ֆլեշմոբը նվիրված էր Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին, նախորդ տարի այն նվիրված էր Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800-ամյակներին:
Այս տարի, որպես մասնակցության համար առաջնային պար, ընտրվել էր Կարնո Քոչարին:
«Քչերը գիտեն, որ Կոմիտասը բացի երգերից գրի է առել նաև պարեր, որոնցից մեկն էլ Կոմիտասի Շորորն է։ Այնպես որ, առաջարկել էինք պարել նաև Շորորը», - ընդգծել են կազմակերպիչները։