27/05/2019 17:56
Օպերային թատրոնը հետ կկանչի թատրոնի կառավարման խորհրդի իր երկու ներկայացուցիչներին. Կլինի նոր ընտրություն
Լոգիկայում չի տեղավորվում, որ մեր կողմից ընտրված մարդիկ կգնան ու խորհրդի նախագահ կընտրեն Նազենի Ղարիբյանին, դիմելով թատրոնի կառավարման խորհրդի օպերային թատրոնի ներկայացուցիչներ Սերգեյ Սաֆարյանին ու Պերճ Քարազյանին՝ նշեց թատրոնի արտիստներից մեկը: Վերջինս ընդգծեց՝ Նազենի Ղարիբյանը կարողացավ իրար դեմ հանել թատրոնի՝ իր իսկ խոսքով, 100 տարվա աշխատակիցներին:
«Ձեզանից յուրաքանչյուրն Օպերային թատրոնից երևի 100-ական կամ ավել ձայն է ստացել, մենք Ձեզ վստահել ենք, ու հիմա չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող էիք գնալ ու ընտրել Նազենի Ղարիբյանին: Մի մարդու, ում դեմ էր Օպերային թատրոնը, ում դեմ է Հայաստանի Թատերական գործիչների միությունը: Ձեր արածն ուղղակի աբսուրդ է: Վստահ եմ՝ ես Ձեզ հետ աշխատելու եմ երկար տարիներ, բայց այսպիսի բան թատրոնում՝ դավաճանել մեկս մյուսին… Կոլեգաներ, դա դավաճանություն է», - շեշտեց նա:
Հարություն Արզումանյանն առաջարկեց վերանայել խորհրդի նախագահի ընտրությունը:
Օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանն էլ առաջարկեց խորհրդի կազմից հետ կանչել թատրոնի ներկայացուցիչներին ու նոր ընտրություն անել՝ նոր ներկայացուցիչներ ընտրել:
Հատկանշական է, որ թատրոնի կառավարման խորհրդի բոլոր անդամներին, այդ թվում՝ նախագահ Նազենի Ղարիբյանին, բողոքի ակցիայի մասնակիցներն այսօրվա ժողովի հրավեր էին ուղարկել, սակայն, բացի Օպերային թատրոնի երկու ներկայացուցիչներից, ոչ ոք չէր եկել: