29/05/2019 13:04
Պարզ մարդ եմ, խաբել չեմ սիրում, որևէ քաղաքական ուժի հետ կապված չեմ. ՍԴ դատավորի թեկնածու
Այս պահին Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը: Թեկնածուն Արթուր Վաղարշյանն է, որին առաջադրել է Հայաստանի նախագահը:
Ներկայացնելով իր տեսլականը Սահմանադրական դատարանի մասին՝ Վաղարշյանն իր ելույթում ասաց, որ Սահմանադրական դատարանի դերը կարևոր է երկրում սահմանադրականության հաստատման հարցում:
Նրա կարծիքով՝ ՍԴ յուրաքանչյուր անդամ իր յուրահատուկ դերը պետք է ունենա ու կարողանա իրավական նորմերին օբյեկտիվ մեկնաբանություններ տա:
«Մովսես Խորենացին ունի մի միտք Հայաստանից արդարության ու իրավունքի կորելու մասին: Հազարամյակներ անց այդ միտքը կարծես իրականություն է ու մենք կորցրել ենք արդարությունն ու իրավունքը: Այս պահին մեր խնդիրն է Հայաստանում արդարությունն ու իրավունքը իրականություն դարձնել», - հայտարարեց Վաղարշյանը՝ նկատելով, որ ինքն իր կենսագրությամբ փորձել է նպաստել այդ հարցի լուծմանը իր գիտական գործունեությամբ, դասավանդման ընթացքում:
Ի՞նչ կանի, եթե ընտրվի ՍԴ դատավորի պաշտոնում: Ի պատասխան Վաղարշյանը հիշեց թևավոր խոսքը՝ «Մի ծաղկով գարուն չի գա» ու հավելեց. «Ես կփորձեմ հասնել որոշակի փոփոխությունների, որից առաջինն է՝ Սահմանադրական դատարանի գործերով կայացված որոշումներում անպայմանորեն էական մասնակցություն ունենան ՍԴ անդամները, այլ ոչ թե ապարատը, իսկ անդամները ընդամենը հաստատեն այդ որոշումները»:
Թեկնածուն նաև նշեց, որ համալսարանական ընկերները զարմացել են իր՝ ՍԴ դատավորի անդամի պաշտոնում առաջադրվելու վրա, քանի որ այդ հարցում տեսել են «սատանայական գործարքներ, քաղաքական ուժերի հետ կապվածություն»:
«Բայց ես այստեղից հայտարարում եմ՝ պարզ մարդ եմ, խաբել չեմ սիրում, այն էլ՝ այս պատասխանատու պաշտոնին հավակնելու պահին: Որևէ քաղաքական ուժի հետ կապված չեմ և որևէ քաղաքական խարդավանքների մեջ չկամ: Թեկնածուների առաջադրման պրոցեսին մասնակցում եմ նախորդ տարվանից, երբ հեռուստատեսությամբ լսեցի մրցույթի մասին ու այդ հեղափոխական, ռոմանտիկ շրջանում որոշեցի մասնակցել մրցույթին: Առաջին մրցույթի արդյունքում առաջադրվեց Վահե Գրիգորյանը, երկրորդ մրցույթին չեմ մասնակցել, քանի որ բարդ իրավիճակ էր, Հայաստանում չէի, երրորդ մրցույթին առաջադրվեցի», - հավելեց Վաղարշյանը: