29/05/2019 14:35
Այս պահին հակված ենք վեթինգ իրականացնել միայն դատական համակարգում. Լիլիթ Մակունց
Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը մշակել ու ներկայացնելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, իսկ նախագիծը մշակելու անհրաժեշտությունը ծագել է անցումային արդարադատության ներդրման շրջանակներում, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցերին:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է նախնական տեղեկություն փոխանցել՝ ինչի՞ մասին է նախագիծը, արդյոք վեթինգը իրականացվելու է միայն դատակա՞ն համակարգում, թե՞ նաև՝ իրավապահ, տիկին Մակունցը պատասխանեց, որ այս պահին որոշել են վեթինգ իրականացնել միայն դատական համակարգում:
«Գիտեք, որ վեթինգի ինստիտուտը կարող է վերաբերել պետական բոլոր մարմիններին: Բայց այս պահին մենք ունենք դեռևս այսպիսի մի դիրքորոշում՝ հակված ենք վեթինգ իրականացնել միայն դատական համակարգում: Թե հետագա գործողություններն ի՞նչ ցույց կտան, ի՞նչ կունենանք քննարկումների արդյունքում, չեմ կարող ասել: Բայց այս պահին հակված ենք միայն դատական համակարգում այդ գործիքը կիրառել», - ավելացրեց իշխանական խմբակցության ղեկավարը:
Մակունցը չասաց՝ հնարավո՞ր է Սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն լինի: Այս պահին, նրա խոսքով, իրենք փորձում են օրենքով կարգավորել խնդիրը, քանի որ դա առավել ընդունելի տարբերակն է:
Մեր դիտարկմանը, թե նա ԱԺ նիստում հորդորեց ընդդիմադիր խմբակցություններին առաջարկություններ ներկայացնել վեթինգի նախագծի վերաբերյալ և հարցին՝ որքանո՞վ էր տրամաբանական նման հորդորը, Մակունցը պատասխանեց.
«Այս օրերին մի շարք կառույցներից, այդ թվում՝ արտախորհրդարանական կուսակցություններից գալիս է արձագանք, որ իրենք պատրաստ են առաջարկություններ ներկայացնել վեթինգի իրականացման հետ կապված: Նրանք ունեն նաև որոշ անհանգստություններ, որոնք պետք է հաշվի առնել այս փուլում, դրանք նույնպես ներկայացնում են: Բացի այդ, մենք կարևոր ենք համարում նաև, որ խորհրդարանական ուժերը մինչև հանրային քննարկումը, հնարավորություն ունենան նաև իրենք ներկայացնեն իրենց առաջարկությունները»:
Մակունցի խոսքով, վեթինգի ինստիտուտը նորություն չէ, նախկինում ևս իրականացվել է նման գործիք պետական մարմիններում, և մասնագետները կարող են առաջարկություններ ներկայացնել՝ նույնիսկ առանց նախագծին ծանոթ լինելու։