29/05/2019 10:49
Հայկական շուկան մեծ հետաքրքրություն է ներկայացնում Ղազախստանի արդյունաբերության համար. Տոկաև
Հայաստանը շատ մեծ դեր է խաղում մեր Եվրասիական տնտեսական միությունում, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք երախտապարտ ենք Ձեզ` Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի կոչում շնորհելու վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնությանն աջակցելու համար», - նշել է նա:
Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խոսքով, Ղազախստանը մեծապես հետաքրքրված է շարունակելու ընդլայնել Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները:
«Հայկական շուկան գործնականում մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեր արդյունաբերության համար: Մենք կարող ենք սերտ համագործակցել Ղազախստանի լոգիստիկ հնարավորությունների կիրառման համատեքստում: Այսօր այստեղ ներկա են արտաքին գործերի, արդյունաբերության և ենթակառուցվածքների նախարարները և առաջարկում եմ հանձնարարել նրանց` մշակել մեր երկու պետությունների ապրանքային անվանացանկ, ինչն անհրաժեշտ լիցք կհաղորդի մեր երկրների միջև առևտրատնտեսական, արդյունաբերական համագործակցությանը», - ասել է Ղազախստանի նախագահը:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսական կապերը զարգանում են, բայց միևնույն ժամանակ պետք է ընդունել, որ այն ներուժը, որ կա այդ ոլորտում, լիարժեք չի իրացվում, և պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ, որպեսզի ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների միջև առկա ներուժը լիարժեք ծավալով իրագործվի:
«Իհարկե, մենք աշխատանքի մեծ դաշտ ունենք, և համաձայն եմ Ձեր առաջարկի հետ` հանձնարարել մեր նախարարներին աշխատել տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ: Ներկայում կան մի քանի ղազախական ընկերություններ, որոնք հետաքրքրվածություն ունեն հայկական շուկա մուտք գործելու հարցում, և մենք համատեղ աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է Փաշինյանը: