29/05/2019 11:54
Վեթինգի մասին օրինագիծը գրեթե պատրաստ է. Մակունցի հայտարարությունը անակնկալ էր ընդդիմության համար
Հայաստանում վեթինգ իրականացնելու մասին նախագիծը գրեթե պատրաստ է, շուտով այն կներկայացվի հանրային քննարկման, այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Նախագիծը մշակելու գործընթացը սկսվել է ամիսներ առաջ և այս պահին այն գտնվում է մշակման վերջնականացման փուլում և այդ իսկ պատճառով դիմում եմ «Լուսավոր Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերներին մեկ շաբաթվա ընթացքում գրավոր կերպով ներկայացնել առաջարկություններ ու մտահոգություններ», - դիմելով գործընկերներին՝ հայտարարեց Մակունցը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անակնկալի եկավ Մակունցի հայտարարությունից. «Նախ, տիկին Մակունց, ամիսներ առաջ, որ դուք սկսել եք աշխատել դրա վրա ու մենք խաբար չենք դրա մասին, դա արդեն վատ նախադեպ է: Ես գիտեմ, որ ամիսներ առաջ վեթինգի մասին խոսակցություն չի եղել, խոսվել է միայն անցումային արդարադատության մասին: Հիմա պետք է խումբ ստեղծել ու այդ խմբում աշխատել, ոչ թե սշխատել մի բանի վրա ու հետո մեզանից առաջարկություններ ուզել: Ինչի՞ շուրջ առաջարկություն տանք, ի՞նչ իմանանք՝ ինչ եք գրել, որ առաջարկություն տանք»: