29/05/2019 14:27
Փաշինյանի՝ Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել. վարչապետի խոսնակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան աշխատանքային այցի օրակարգում ոչինչ չի փոխվել, բոլոր նախատեսված հանդիպումները կայացել և կայանում են, «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, որ վարչապետը չեղարկել է մի շաք հանդիպումներ:
«Նման բան չկա: Օրակարգով նախատեսված բոլոր հանդիպումները կայացել են և ընթացքի մեջ են: Այս պահին ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանում ապրող հայ գործարարների հանդիպումը: Քննարկվում են տարբեր ներդրումային ծագրեր, գործարար ակտիվության հետ կապված հարցեր», - ասաց Կարապետյանը:
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը: Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ նիստին ծրագրված բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել, փաստաթղթերը ստորագրվել են:
Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Երևանում՝ հոկտեմբերի 1-ին: Հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությամբ հանդես են եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դրան հաջորդել է պաշտոնական ճաշը:
Ավելի վաղ Նուր-Սուլթանից Factor.am-ի թղթակիցը հայտնել էր, որ Փաշինյանը չի մասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո նախատեսվող պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին:
Հրապարակումից քիչ անց Factor.am-ը տեղեկացրեց, որ Փաշինյանն անակնկալ փոխել է որոշումը և մասնակցում է պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին:
Irakanum.am-ը ևս տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն չի հայտնել մասնակցել պաշտոնական ճաշին։
Այնուհետև Irakanum.am-ը գրեց, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի պատվիրակությունների ղեկավարների համար մատուցվող ճաշին: