29/05/2019 13:21
Լրատվամիջոցները իրարամերժ տեղեկություններ են հայտնում Փաշինյանի՝ Ղազախստանում նախատեսվող հանդիպումների մասին
Ղազախստանում գտնվող Հայաստանի վարչապետ Փաշինյանը չի մասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ավարտից հետո նախատեսվող պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին:
Ինչպես հաղորդում է Նուր-Սուլթանից Factor.am-ի թղթակիցը, չեղարկվել է ոչ միայն Փաշինյանի մասնակցությունը նիստից հետո տեղի ունենալիք պաշտոնական ճաշին, այլև Հայաստանի դեսպանատանը Ղազախստանի հայ գործարարների հետ նախանշված հանդիպումը:
Նիկոլ Փաշինյանը և ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես կգան հայտարարությամբ, նրանք լրագրողների հարցերին չեն պատասխանի: Դրանից հետո հայկական պատվիրակությունը մեկնելու է օդանավակայան:
Հրապարակումից քիչ անց Factor.am-ը տեղեկացրեց, որ Փաշինյանն անակնկալ փոխել է որոշումը և այս պահին մասնակցում է պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական ճաշին: Սպասվում է, որ կկայանա նաև Ղազախստանում ՀՀ դեսպանատանը հայ գործարարների հետ հանդիպումը:
Irakanum.am-ը ևս ըեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն չի հայտնել մասնակցել պաշտոնական ճաշին։
«Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հնարավոր երկկողմ հանդիպմանը, ապա այն եւս չի կայացել։
Նիստից հետո նախատեսված էր հայկական պատվիրակության այցը ՂՀ-ում՝ ՀՀ դեսպանություն, որտեղ պետք է տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ գործարարների հետ։ Սակայն ինչպես հայտնում է Irakanum.am-ը, այս հանդիպումը եւս չեղյալ է համարվել, եւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։ Փաշինյանի այս որոշումը հանկարծակի է եղել, ինչից զարմացած են նաեւ նրան ուղեկցողները», - նշել է լրատվամիջոցը:
Այնուհետև Irakanum.am-ը գրեց, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի պատվիրակությունների ղեկավարների համար մատուցվող ճաշին: Այս պահին Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ղազախստանում ՀՀ դեսպանատուն: Հերթական անգամ փոխվեց օրակարգը, նշել է լրատվամիջոցը: