29/05/2019 18:08
Աշխարհի 30 լավագույն ջութակահարներից մեկը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
Հունիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։
Համերգային ծրագրում կհնչեն Մաքս Բրուխի Ջութակի կոնցերտը, լարային նվագախմբի սերենադը՝ ըստ շվեդական ազգային մեղեդիների, ինչպես նաև` Սերգեյ Պրոկոֆևի Առաջին սիմֆոնիան «Դասական»։
Սերգեյ Խաչատրյանը մեր օրերի լավագույն ջութակահարներից է, ով օրերս դասական երաժշտության մի քանի հազար սիրահարների քվեարկության արդյունքում հայտնվեց աշխարհի լավագույն 30 ջութակահարների ցանկում։
Ջութակահարը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդիսատեսին է ներկայացնելու գերմանացի կոմպոզիտոր Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը, որը Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ Հայաստանում հնչելու է առաջին անգամ:
Մոտ 25 րոպե տևողությամբ և երեք մասից բաղկացած կոնցերտի պրեմիերան կայացել է 1866 թվականին՝ կոմպոզիտորի ղեկավարությամբ, մենակատար՝ Օտտո ֆոն Կոնիգսլո: