30/05/2019 16:37
Նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի բացակայություն, դեմարշ չկա. Արարատ Միրզոյան (Տեսանյութ)
Սահմանադրական դատարանի դատավորի հարցը պետք է լուծվի այնպես, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ։ Նախագահն իրավասություն ունի առաջադրել թեկնածու, ԱԺ-ն իրավունք ունի ընտրել կամ չընտրել այդ թեկնածուին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծելով, որ այս գործընթացը պետք է շարունակվի այնքան, մինչև ԱԺ-ի և նախագահի պատկերացումները համընկնեն։
«Խնդրում եմ սա բոլորովին չմեկնաբանել որպես նախագահի անձի կամ ինստիտուտի նկատմամբ հարգանքի բացակայություն։ Տեսնենք՝ հաջորդը առաջադրումն ինչպես կլինի։ Բոլորովին դեմարշ չկա։ ԱԺ-ն պետք է ընտրի կամ չընտրի այն թեկնածուին, որին առաջադրում է նախագահը», - ասաց ԱԺ խոսնակը։
Լրագրողներից մեկին, ով նշեց, որ փաստացի ԱԺ-ն անվստահություն է հայտնում ՀՀ նախագահի ինստիտուտին՝ մերժելով ՍԴ դատավորի նրա թեկնածուին, Արարատ Միրզոյանն խորհուրդ տվեց նման քաղաքական հայտարարություններ չանել, ավելին՝ պատասխան հարց ուղղեց՝ գուցե թողնի՞ լրագրությունը և զբաղվի քաղաքականությամբ։
«Ես նման պնդում չէի անի», - շեշտեց խորհրդարանի նախագահը։
Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով Արթուր Վաղարշյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի անդամի թափուր մնացած պաշտոնում: Վաղարշյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նկատենք՝ Վաղարշյանը ՍԴ դատավորի պաշտոնի համար առաջադրված 5-րդ չընտրված թեկնածուն է։