30/05/2019 14:49
Արման Նավասարդյանն ընտրվեց Համազգային թատրոնի տնօրեն
Քիչ առաջ Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց նույն թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարդյանը:
Տնօրենի մրցույթին ի սկզբանե երկու հոգի էին հայտ ներկայացրել՝ Արման Նավասարդյանն ու դերասան Ստեփան Ղամբարյանը: Սակայն երեկ Ստեփան Ղամբարյանի բնակարանը թալանել են, ինչի պատճառով դերասանը ինքնակամ հրաժարվել է իր թեկնածությունից:
«Քանի որ ոստիկանություն պետք է գնայի, բնակարանիս գործերով զբաղվեի՝ հրաժարվեցի: Շատ ուրախ եմ ընկերոջս համար, նրան արդեն շնորհավորել եմ: Դա մեր թատրոնն է, տարբերություն չկա՝ Արմանը կլիներ տնօրեն, թե՝ ես: Մենք մտերիմ ու լավ ընկերներ ենք ու նույն թատրոնի բարօրության համար ենք աշխատում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ստեփան Ղամբարյանը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 19-ին՝ Վիգեն Չալդրանյանի հրաժարականից հետո, ՀՀ Մշակույթի նախարարի այն ժամանակվա պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հրամանով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել (6 ամիս ժամկետով) նույն թատրոնի դերասան Արման Նավասարդյանը: