30/05/2019 10:27
«Իրականության հետ որևէ աղերս չունի» . «Ազատ հայրենիքը»՝ Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարության մասին
«Ազատ հայրենիք» կուսակցությունը դատապարտում է ցանկացած չճշտված և չհիմնավորված հայտարարության տարածումը, որով հատկապես փորձ է արվում արատավորել մարդու բարի համբավն ու անունը: Մասնավորապես՝ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ի տարածած այն հայտարարությունը, թե իբր «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից «բանդաներ» են հովանավորվում կամ, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդելով, դրանում քաղաքական ենթատեքստ են փնտրում, իրականության հետ որևէ աղերս չունեն, այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից։
«Այդպիսի գործելաոճը ոչ միայն չի տեղավորվում մեր կուսակցության՝ համերաշխության և միասնականության կոչով հանդես եկող առաջնորդի գործելաոճում և սկզբունքներում, այլև իրավական պետություն կառուցելու մեր մտածողության և պատկերացումների մեջ:
Եթե կենցաղային կամ այլ դրդապատճառներով, իսկապես, տեղի է ունեցել հանցագործություն, մենք ևս հորդորում ենք իրաապահ մարմիններին համարժեք գնահատական տալ և մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Իսկ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ին կոչ ենք անում շանտաժի և անօրինականության դրդող հայտարարությունների փոխարեն՝ գալ կառուցողական դաշտ և բոլոր ելքերը փնտրել միմիայն օրենքի շրջանակներում», - նշված է հաղորդագրության մեջ: