30/05/2019 16:59
Մարտի 1-ի գործով վերաքննիչ բողոքները կքննի դատավոր Արմեն Դանիելյանը
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Գլխավոր դատախազության և տուժողների իրավահաջորդի վերաքննիչ բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազությունը և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները դժգոհ էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումներից:
Դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշել էր կասեցնել Մարտի 1-ի գործով վարույթը և դիմել Սահմանադրական դատարան, բացի այդ, որոշել էր բավարարել Արցախի գործող և նախկին նախագահների անձնական երաշխավորությունը, ու Քոչարյանը ազատ էր արձակվել կալանքից:
Մասնավորապես, դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսյանը իր վերաքննիչ բողոքում Վերաքննիչ քրեական դատարանից պահանջել է ամբողջությամբ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ` հաստատելով գործի վարույթի կասեցման հիմքի բացակայությունը:
Նույն պահանջը Վերաքննիչ դատարանին ներկայացրել են նաև Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Սեդա Սաֆարյանը և Վահե Գրիգորյանը: