30/05/2019 13:00
Գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է. Վանեցյանը՝ Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպի մասին (Տեսանյութ)
Ծառայողական քննությունը հենց ավարտվի, հարցերի պատասխանները կստանաք, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով վարչապետի հայտարարած ոչնչացված նյութերին։
Aysor.am-ին հարցին՝ Սամվել Բաբայանի համակիրների հետ կապված միջադեպից հետո դիմել էին ԱԱԾ, զբաղվո՞ւմ է այս գործով ԱԱԾ-ն, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «ԱԱԾ-ն այս գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է»։
ԱԱԾ տնօրենը նշեց, որ որևէ դավադրություն այս գործում փնտրել պետք չէ։
«Դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է, առաջիկա ժամերի ընթացքում կլինի հաղորդագրություն Ոստիկանության ու ԱԱԾ-ի համատեղ աշխատանքի վերաբերյալ, բոլոր մանրամասները հայտնի կդառնան», - նշեց Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով կեղծ օգտատերերի թեմային՝ ԱԱԾ տնօրենը նշեց, որ գործընթացը մշատպես շարունակվում է։
«Եթե կլիեն համացանցում նյութեր տարածողներ, որը կպարունակի հանցակազմ, գործընթացը շարունակվելու է», - ասաց նա։
Ինչ վերաբերում է իր տեղակալ Արզուման Հարությունյանի հրաժարականին, ԱԱԾ տնօրենն ասաց, որ Հարությունյանն անձամբ է դիմել իրեն, որպեսզի երկարամյա ծառայությունից ազատվի, որը բավարարվել է։