30/05/2019 12:52
Ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ կառավարման համակարգում չեն կարողանում ընդունել. Միքայել Մելքումյան
ԲՀԿ-ն կոնցեպտուալ առումով «Հարկային օրենսգրքի» փաթեթը արմատական փոփոխություններ չի համարում:
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ թեև քաղաքական մեծամասնության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ հաջորդ փուլում կլինեն ավելի արմատական փոփոխություններ, բայց փաթեթն այս տեսքով չի ոգևորում ներդրողներին, որովհետև նրանք սպասում են արմատական փոփոխությունների:
Խոսելով եկամտային հարկի համահարթեցման մասով կառավարության առաջարկի մասին՝ Մելքումյանն ընդգծեց.
«Եթե մենք բալանսը չենք կարողանում ճիշտ պահպանել, ներդրումների և հարկերի վրա սպառումը քչացնելու ենք, հա՛մ բյուջեն տուժելու է քիչ եկամտահարկ վճարելուց, հա՛մ էլ սպառման քիչ լինելուց: Ես համարում եմ, որ սա նորմալ չէ, բալանսը ճիշտ պահված չէ»:
Aysor.am-ի թղթակցի դիտարկմանը, թե որոշ տնտեսագետներ պնդում են, որ եկամտահարկի համահարթեցման արդյունքում ակցիզային հարկը բարձրանալու է, ինչն իր հերթին շուկայում մի շարք ապրանքների թանկացման է բերելու, Մելքումյանը նշեց, որ արդյունքում կլինի սպառման կրճատում:
«Դա բերելու է սպառման կրճատման, երբ գները բարձրանում են, սպառումը կրճատվում է: Իսկ ո՞վ է դրանից ամենշատը տուժելու, իհարկե, ավելի քիչ եկամուտներ ունեցողը: Իհարկե, պետք է տեսնել, թե ակցիզը, որ ապրանքատեսակների վրա են կիրառում: Մեկ այդպիսի սխալ արել էին, օրինակ՝ «Հայ Կոլայինը», բայց հետ կանգնեցին, որովհետև «Հայ Կոլան» ավելի քիչ եկամուտ ունեցող համաքաղաքացիներն էին օգտագործում: Սա նշանակում է, որ ճիշտ ժամանակին ճիշտ որոշումներ կառավարման համակարգում չեն կարողանում ընդունել», - ասաց նա: