30/05/2019 10:49
Հարկային բարեփոխումների փաթեթը ԱԺ այս քառօրյայում չի քննարկվի
Կառավարության ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը ԱԺ այս քառօրյայում չի քննարկվի, այս մասին այսօր ԱԺ հերթական նիստում հայտարարեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Շատ են հարցնում, թե կառավարության հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը ե՞րբ է մտնելու ԱԺ լիագումար նիստ քննարկման: Քանի որ Ազգային ժողովի այս քառօրյան շատ հագեցած է, իսկ հարկային բարեփոխումները երկար պետք է քննարկվեն, փաթեթը չի ներառվի այս քառօրյայի օրակարգում», - հայտարարեց Թունյանը:
Նա նշեց, որ փաթեթն արդեն հունիսին կմտնի խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ՝ արտահերթ նիստով:
«Տնտեսվարողներին կոչ եմ անում հանգիստ լինել, որովհետև փաթեթը, միանշանակ, մտնելու է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Խոսքը հարկային բարեփոխումների մեծ փաթեթի մասին է», - ասաց Թունյանը: