30/05/2019 19:56
Նպատակս է՝ մեծ, սեփական տուն կառուցել ու ևս մեկ զավակ ունենալ. դերասան Նարեկ Հայկազյանը դարձավ 35 տարեկան
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Թեև այս տարին նրա համար հոբելյանական է, սակայն 35-ամյա արտիստը չի պատրաստվում այն ինչ-որ կերպ առանձնացել: Անցկացնելու է՝ ինչպես ամեն տարի. տանը՝ ընտանիքի անդամների ու ընկերների միջավայրում:
Շնորհավորանքները սկսվել են դեռ կեսգիշերից: Հոբելյարի կինն էլ՝ դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը, տեսանյութի տեսքով անակնկալ էր պատրաստել ամուսնու համար:
«Իմ ծննդյան օրերը չեմ սիրում ճոխ նշել: Նախընտրում եմ ընկերներիս ու հարազատներիս հետ տանը լինել, կամ էլ միասին ինչ-որ տեղ գնալ: Ճիշտ է, այսպես ասած, կլոր տարիք է, բայց չեմ համարում, որ արդեն ժամանակն է՝ ծնունդս թատրոնում նշեմ: Այդ օրն էլ կգա, դեռ շուտ է… Ասեմ, որ գիշերը ժամը 12-ին կինս ու ընկերներս տորթով ինձ շնորհավորեցին: Կինս նաև տեսանյութ էր պատրաստել, որի միջոցով ընկերներս, ծանոթներս ու բարեկամներս ինձ շնորհավորում ու բարեմաղթանքներ էին հղում: Դա ինձ համար ամենագեղեցիկ նվերն էր, շատ էի հուզվել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց դերասանը:
Նարեկ Հայկազյանը գոհ է իր ապրած 35 տարիներից: Ասում է՝ թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական կյանքում ունի այն ամենն, ինչ իրեն պետք է:
«Այս տարիքի համար բազմաթիվ դերեր եմ խաղացել, թատրոնում ինձ շատ լավ եմ զգում: Աստված ինձ ամեն ինչ տվել է. հիանալի ծնողներ, հրաշալի, դաստիարակված երեխաներ, հրաշք կին, ում շատ եմ սիրում: Նա ամեն պահի փորձում է ամեն ինչ անել, որ ինձ համար լավ լինի, ամեն վայրկյան ինձ բարձրացնում է: Շատ լավ ընկերներ ունեմ ու գիտեմ, որ ինձ շատ են սիրում, զգում եմ, որ «դողում» են ինձ վրա: Նույն զգացողությունն էլ ես ունեմ իրենց նկատմամբ: Իհարկե, դեռ ամեն ինչ առջևում է, շա՜տ անելիքներ ու նպատակներ ունեմ ու շա՜տ բաների դեռ պետք է հասնեմ: Ու կհասնեմ, ես չեմ սիրում տեղում դոփել», - ժպիտով ասաց նա։
Նարեկի ավագ որդին 12 տարեկան է, կրտսերը՝ 5: Խոստովանում է՝ դուստր ունենալու ցանկությունը մեծ է, առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում էլ մտածում են ընտանիքը ևս մեկ փոքրիկով համալրել: Աղջիկ, թե տղա՝ Աստված գիտի:
Դերասանը մեկ ցանկություն էլ ունի՝ ուզում է մեծ, սեփական տուն կառուցել, այդ տան բակում էլ խորհրդանշական ծառը տնկել:
«Ես երբեք չեմ սպասել, որ ինձ նվերներ տան, ցանկացել եմ ինքս ձեռք բերել այն ամենն, ինչի կարիքն, անհրաժեշտությունն ունեմ», - նկատեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով հարցին՝ ունի՞ նոր սերիալի կամ ֆիլմի առաջարկ, պատասխանեց.
«Մի սերիալի առաջարկ ունեցել եմ վերջերս, բայց ինչ-ինչ պատճառով հրաժարվեցի: Այլ առաջարկներ դեռևս չունեմ, հիմա զբաղված եմ միայն թատերական գործունեությամբ»:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Նարեկ Հայկազյանին, մաղթում հաջողություն ու նպատակների իրականացում: