31/05/2019 14:25
Եթե Վահե Գրիգորյանն ընտրվի, դա չի նշանակում յուրայինի գործուղում Սահմանադրական դատարան. ԱԺ նախագահ
Եթե Վահե Գրիգորյանն ընտրվի Սահմանադրական դատարանի դատավոր, դա չի նշանակում յուրայինի գործուղում ՍԴ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահի՝ Վահե Գրիգորանին ՍԴ անդամի թափուր պաշտոնին ներկայացելու մասին առաջարկությունը:
Նկատենք, որ Վահե Գրիգորյանը համարվում է իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի համախոհն ու թիմակիցը, ավելին՝ նա Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն է ու այդ գործով շահագրգիռ անձ:
«Ես մոտ հարաբերություններ ունեմ Վահե Գրիգորյանի հետ, և դա ձևավորվել է այն տարիներից, երբ մենք տարբեր եղանակային պայմաններում տարբեր հարցերով ընդվզման շարժումներ էինք անում։ Երբ հայտնվում էինք ոստիկանական բաժանմունքներում, այնտեղ էին նաև տարբեր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Վահե Գրիգորյանը։ Կարծում եմ՝ նորմալ է, որ մենք այդ տարիներից կարողացել ենք մտերիմ հարաբերություններ ձևավորել։ Իհարկե, չափազանց մեծ դեր է խաղում այն, որ արժեքային համակարգի առումով, երկրի զարգացման տեսլականի, երկրի մասին ունեցած երազանքի առումով բավական մեծ ընդհանրություններ կան։ Հիմա հարցնում եք՝ ինչպե՞ս եմ ես վերաբերվում այս թեկնածությանը, շատ անկեղծ ասեմ՝ չափազանց դրական։ Իսկ թե ինչպիսին կլինի ֆրակցիայի վերաբերմունքը, կերևա առաջիկայում», - ասաց նա։
Նշենք, որ Վահե Գրիգորյանի թեկնածությունը ՍԴ անդամի թափուր մնացած պաշտոնում մեկ անգամ արդեն ներկայացվել է Ազգային ժողովին: Դա 6-րդ գումարման խորհրդարանում էր, երբ մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը տապալեց քվեարկությունը, և Գրիգորյանը չընտրվեց:
Շուրջ մեկ տարի է՝ խորհրդարանին չի հաջողվում Սահմանադրական դատարանի դատավոր ընտրել: Դրանից հետո ՀՀ նախագահի կողմից ներկայացվող բոլոր թեկնածուները հանդիպում էին խորհրդարանական մեծամասնության դիմադրությանը, և ընտրությունը ձախողվում էր:
Վերջապես ՀՀ նախագահն ընդառաջ գնաց ու ՍԴ թեկնածուի նախորդ ընտրությունից մի քանի օր անց ԱԺ նախագահին ներկայացրեց Գրիգորյանի թեկնածությունը:
Այս ընտրությունը լինելու է ՍԴ անդամի 6-րդ ընտրությունը և, ամենայն հավանականությամբ, վերջինը: